Հայաստանի Հանրային ռադոյի «Զարթուցիչ» ծրագրի գարնանային եթերաշրջանի առաջին հյուրերն էին «Հայ աճպարարների միության» փոխնախագահ Հայկ Միքայելը և միության անդամ Հայկ Ջանոյանը: Հանդիպումը եղավ անմիջական և անակնկալներով լի: Այն բացառիկ հնարավորություն ընձեռեց ծանոթանալ տաղանդավոր աճպարարների հետ և տեղեկանալ ՀԱՄ–ի գործունեությանը: Հայկ Միքայելը ներկայացրեց միության հիմնադրման պատմությունն ու առաքելությունը:

Հարցազրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Հայկ Միքայելը մասնագիտությամբ նաև ծրագրավորող է: Երկու մասնագիտություններն էլ շատ հոգեհարազատ են, բայց եթե գա ժամանակ, որ ստիպված լինի ընտրություն կատարել, կընտրի աճպարարությունը քանզի այն ավելի ստեղծագործ աշխատանք է, և ջանք, եռանդ ու աշխատասիրություն է պահանջում:

Հայկ Ջանոյանն էլ պատմեց մասնագիտության ընտրության իր պատմությունը: Յոթ տարեկանում հայրիկի նվիրած աճպարարական հնարքների հավաքածուն է պատճառ հադիսացել, որպեսզի նա ավելի շատ սիրի և հետաքրքրվի այս ուղղությամբ: Մինչ օրս զբաղվում է աճպարարությամբ և մտադիր է պրոֆեսիոնալ դառնալ:

Աճպարարությունը ռադիոյով փոխանցելը մարտահրավեր էր հյուրերի համար, և նրանք պատրաստել էին հատուկ հնարքներ, որոնք հասկանալի կլինեին նաև ռադիոլսողներին:

Հանդիպման ընթացքում տաղանդավոր աճպարարները հիացրին իրենց հմտությամբ: Հետաքրքիր կախարդական բառեր սովորեցրին հաղորդավարներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը հնարքներ կատարելիս: Մի քանի հնարք կատարվեց խաղաթղթերի օգնությամբ, իսկ վերջին հնարքը, որն իրականացվեց նորագույն տեխնոլոգիաների միջոցով, պարզապես ապշեցրեց հաղորդավարներին:

Հայկ Միքայելը նշեց, որ միությունը կատարում է ընդունելություն և բաց է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են այս արվեստը, ուզում են ծանոթանալ և շփվել աճպարարների հետ:

Հարցին, թե ի՞նչ է պետք աճպարար լինելու համար, Հայկ Միքայելը կատակեց՝ նշելով խաղաթղթերը: Հետո թվարկեց այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ աճպարար դառնալու համար՝ լինել աշխատասեր, շատ ժամանակ տրամադրել, ունենալ շատ մեծ համբերություն,անդադար փորձել, եթե որևէ բան չի ստացվում, կարողանալ կենտրոնանալ դրա վրա, կեսից չհանձնվել, չհիասթափվել, ունենալ տրամաբանություն, որը շատ կարևոր է: Հայկ Ջանոյանն էլ կարևորեց սիրո առկայությունը արվեստի այս տեսակի նկատմամբ։

Հանդիպումն իսկապես շատ ջերմ ու տպավորիչ ստացվեց:

Նյութը` Թամարա Սարգսյանի