ՀԱՄ-ում տեղի են  ունենալու նաև հանդիպումներ Սփյուռքում բնակվող ճանաչված հայ աճպարարների հետ: Այդ հանդիպումների մեկնարկը տվեց Ռուսաստանում բնակվող, ճանաչված, պրոֆեսիոնալ հայ աճպարար Մանուել Ղազարյանը: Վերջինս միջազգային մրցույթների դափնեկիր և Հնդկաստանի մոգերի ընկերության պատվավոր անդամ է: Այս հանդիպումը շատ կարևոր էր սկսնակ աճպարարների համար, որովհետև հանդիպման ընթացքում Մանուելը կիսվեց մանիպուլացիայի արվեստի կարևոր գաղտնիքներով` ցուցադրելով և բացատրելով՝ որքան կարևոր է մանիպուլացիայի տեխնիկան, նրա գեղեցիկ և մաքուր ցուցադրումը:

Հանդիպման ժամանակ մի քանի սկսնակներ փորձեցին ցուցադրել արդեն իսկ բացատրված հնարքները և, որպես սկսնակ, արժանացան Մանուել Ղազարյանի գովաբանությանը: Չմոռանանք նշել, որ Մանուել Ղազարյանը շատ մեծ հաճույքով դիտեց ընկերության անդամներից մի քանիսի ելույթները, որոնք ներկայացան միկրոմագիայով` ցուցադրելով իրենց ամենահետաքրքիր հնարքները և զարմանք պատճառելով թե՛ Մանուելին, և թե՛ իր ընտանիքին, որը ժամանել էր աճպարարի հետ:

«Ես երկար ժամանակ չէի եղել Հայաստանում և տեղյակ չէի, թե ընդհանրապես կա՞ն Հայաստանում մարդիկ, ովքեր զբաղվում են միկրոմագիայով, որովհետև միկրոմագիան ամենադժվար ժանրերից մեկն է: Ես ապշած և զարմացած եմ մնացել այս երիտասարդների և պատանիների ցուցադրած հնարքներով և գեղեցիկ կատարած ֆլորիշներով: Շատ ուրախ եմ, որ Վարդան Ամիրյանը կարողացավ իրականացնել իր երազանքը՝ ստեղծել Հայ աճպարարների միությունը, և այս տեսակի լավ երիտասարդներին և սկսնակներին հնարավորություն տվեց ներկայանալու հանրությանը», — ասել է Ղազարյանը:

Վարդան Ամիրյանը կարևոր հանդիպում անցկացրեց նաև ՀԱՄ-ի անդամ Միսակի հետ, որը տիրապետում է գիպնոսի գաղտնիքներին և տեխնիկային` բացատրելով և ցուցադրելով իր ունակությունները: