ՀԱՄ-ը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ այս անգամ հյուրընկալելով Բելառուսում բնակվող հայազգի տաղանդաշատ աճպարար Արսեն Մելքոնյանին:

Արսենը մանկուց հետաքրքրված է եղել աճպարարությամբ և փորձել ինքնուրույն հնարքներ իրագործել: Սերն աճպարարության հանդեպ այնքան մեծ է եղել, որ տարիների ընթացքում նույնիսկ կիսատ է թողել ուսումն ու իրեն ամբողջությամբ նվիրել այս արվեստին: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հասցրել է  մի շարք լուրջ հաջողություններ գրանցել այս ոլորտում: Մասնակցել է Ուկրաինայի «Թաքնված տաղանդ» նախագծի հինգերորդ եթերաշրջանին, իսկ յոթերորդ եթերաշրջանի ընթացքում հասել է մինչև կիսաեզրափակիչ փուլ: 2014 թվականի փետրվարին հրավիրվել է Գրոդնո քաղաքում տեղի ունեցող Աճպարարների միջազգային փառատոնին: Պարգևատրվել է Բելառուսում աճպարարության  ոլորտի զարգացման մեջ ներդրած իր ավանդի համար: Շրջագայություններ է ունենում աշխարհի բազմաթիվ երկրներում:

Օրերս Արսեն Մելքոնյանը Հայաստանում էր: Հայ աճպարարների միությունը ուրախ էր ծանոթանալ  հայազգի աճպարարի հետ և վայելել նրա կողմից ցուցադրված հնարքները: Հանդիպումը արդյունավետ ստացվեց, քանզի երկկողմանի փորձի փոխանակում տեղի ունեցավ: Վերջում հայազգի աճպարարը արժանացավ ՀԱՄ-ի անդամի կոչմանը:

Նյութը` Թամարա Սարգսյանի