Երբ փորձում ես ընդհանրություններ գտնել հայտնի ու տաղանդավոր հայերի միջև, հասկանում ես, որ նրանց կապում է ոչ միայն անսահման սերը հայրենիքի հանդեպ, այլև հրաշքներին հավատալու ու դրանք իրականություն դարձնելու կարողությունը: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի հրաշագործներ են ու երբ հայտնվում են Հայ աճպարարների միությունում, հրաշքներն ավելի իրական են դառնում:

Այս անգամ Հայ աճպարարների միության պատվարժան հյուրն էր Հայաստանի, Եվրոպայի կրկնակի ու Աշխարհի չեմպիոն, ծանրամարտուհի Նազիկ Ավդալյանը: Նա բազմիցս հաճելիորեն զարմացրել է բոլորիս իր հաղթանակներով ու ձեռքբերումներով, իսկ այս անգամ զարմանալու հերթն իրենն էր: Հայ աճպարարների միության անդամները սիրով ցուցադրեցին մի շարք հնարքներ, որոնք առեղծվածային էին ու տպավորիչ: Նազիկ Ավդալյանն իր հիացմունքը հայտնեց ոչ միայն պրոֆեսիոնալ աճպարարների, այլև սկսնակների եռանդի ու ոգևորության վերաբերյալ:

Ի դեպ, պատանիների հետաքրքրությունը աճպարարական արվեստի նկատմամբ անընդհատ մեծանում է: Ինչպես բոլոր հավաքներին, այս անգամ էլ նրանք ներկայացան հետաքրքիր համարներով ու իրենց տաղանդով տպավորեցին ներկաներին:

Հանդիպումն ամփոփեց Հայ աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին ու վստահեցրեց, որ միության կողմից ավանդական դարձած այս հանդիպումները կլինեն շարունակական, անակնկալներով ու հրաշալի հյուրերով լի: