Հայ Աճպարարների Միությունում հնարավոր է անդամագրվել`
- որպես միության թեկնածու,
- որպես միության անդամ։
1. ՀԱՄ-ի թեկնածու կամ անդամ կարող է դառնալ աճպարարական ժանրում որպես պրոֆեսիոնալ ելույթ ունեցող կամ այս ժանրի նկատմամբ հետաքրքրություն և սեր ցուցաբերող, 13 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացի՝ անկախ բնակության վայրից:
2. Սկսնակները և սիրողական աճպարարությամբ զբաղվողները վեց ամսվա ընթացքում կարող են դառնալ ՀԱՄ-ի թեկնածու՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- գրավոր դիմում ՀԱՄ-ի թեկնածու դառնալու համար,
- ստեղծագործական ինքնակենսագրություն,
- 3X4 չափսի երեք լուսանկար,
- երկու լուսանկար իր ելույթներից,
- տեսաերիզ իր ելույթներից (առկայության դեպքում),
- ելույթ ընդունելության ժամանակ (նվազագույնը 3 հնարք):
3. Պրոֆեսիոնալ և մեծ բեմական փորձ ունեցող աճպարարների դեպքում թեկնածուական ժամկետ չի սահմանվում: Նրանք ՀԱՄ-ի նախագահության որոշմամբ դառնում են ՀԱՄ-ի անդամ (եթե ունեն մասնակցություն ՀԱՄ-ի կողմից կազմակերպված որևէ միջացառմանը)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- ստեղծագործական ինքնակենսագրություն,
- կոչումների և/կամ մրցանակների պատճեներ (առկայության դեպքում),
- 3X4 չափսի երեք լուսանկար,
- վեց լուսանկար իրենց ելույթներից,
- տեսաերիզ իրենց ելույթներից,
- ելույթ ընդունելության ժամանակ (բեմական աճպարարության ելույթ՝ 15 րոպե տևողությամբ):
4. Գործում են նաև բացառություններ այն անձանց համար, ովքեր դեռ 13 տարեկան չեն, սակայն ունեն բացառիկ տաղանդ և շնորհք: ՀԱՄ-ի նախագահության որոշմամբ նրանք կարող են դառնալ ՀԱՄ-ի թեկնածու, ապա` ՀԱՄ-ի անդամ:
5. Մասնակիցները միշտ պետք է տեղյակ պահեն Միությանն իրենց աճպարարական գործունեության մասին, ներկայացնեն իրենց նվաճումները ելույթների, հանդիպումների, միջոցառումների ժամանակ:
6. ՀԱՄ-ի թեկնածուն ՀԱՄ-ի անդամ դառնալու համար պետք է աշխատի և կատարելագործվի աճպարարության մեջ, ինչպես նաև ուսումնասիրի և տիրապետի աճպարարական արվեստի պատմությանը, պետք է ցուցաբերի ակտիվություն՝ մասնակցելով և օգնելով ՀԱՄ-ում կազմակերպվող միջոցառումներին և քննարկումներին:
7. ՀԱՄ-ի անդամ չդառնալու դեպքում ՀԱՄ-ի թեկնածուն կարող է նորից դիմել անդամակցության վեց ամիս հետո:
8. ՀԱՄ-ի թեկնածուները և անդամները պարտավոր են հետևել ՀԱՄ-ի կանոնադրությանը և վերջինիս նախագահության կողմից ընդունված որոշումներին՝ երդվելով հավատարիմ մնալ աճպարարական արվեստին, չբացահայտել աճպարարական հնարքներն ու գաղտնիքները, ստացած գիտելիքները և կարողություններն օգտագործել բացառապես բարի նպատակներով, աճպարարական արվեստում պայքարելով բացասական երևույթների դեմ` նպաստել աճպարարական արվեստի ծաղկմանը և զարգացմանը:
9. ՀԱՄ-ի անդամն իրավունք ունի մասնակցելու ՀԱՄ-ի կողմից կազմակերպվող քննարկումներին, դասախոսություններին, կոնֆերանսներին, սեմինարներին և այլ ուսումնական և ստեղծագործական միջոցառումներին, ստանալ օգնություն` ձեռք բերելով աճպարարական գործիքներ, մասնագիտական գրականություն, մասնագիտական տեսաերիզներ և խորհուրդներ, իրավունք ունի նաև որպես հեղինակ՝ ՀԱՄ-ում գրանցելու նոր հնարքներ և համարներ: ՀԱՄ-ի անդամ դարձած անձն ստանում է վկայական և անդամատոմս, ինչպես նաև ունենում է սեփական էջը Միության պաշտոնական կայքում։
10. ՀԱՄ-ի թեկնածուն իրավունք ունի մասնակցելու ՀԱՄ-ի կողմից կազմակերպվող հանդիպումներին, քննարկումներին, որոշ դասախոսությունների և սեմինարների։Ստանում է վկայական և ունենում սեփական էջը Միության պաշտոնական կայքում։
ՀԱՄ–ը անդամերից և թեկնածուներից գանձում է ամենամսյա անդամավճար, որը կազմում է՝
- թեկնածուների համար — 1000 ՀՀ դրամ
- անդամերի համար — 2000 ՀՀ դրամ
Ծանուցումը հաստատվել է ՀԱՄ—ի նախագահության մասնակիցների ստորագրությամբ 2012 թվականի ապրիլի մեկին կայացած առաջին նիստի ժամանակ: