ՀԱՄ-ը վերջերս պատիվ ուներ հյուրընկալելու ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր ու վաստակաշատ դերասան Ռաֆայել Քոթանջյանին: Նա առանձնապես ներկայացման կարիք էլ չունի, քանզի կինոյի, թատրոնի և առհասարակ մշակույթի ոլորտում ծավալած գործունեության, նվիրումի ու կերպարների յուրահատուկ՝քոթանջյանական մեկնաբանությամբ, վաղուց է արժանացել ժողովրդի կողմից տրվող թերևս ամենաբարձր գնահատականին. այն է՝սիրված, ճանաչված ու ընդունված լինել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում:

 ՀԱՄ-ի կազմակերպած հանդիպման ջերմ մթնոլորտից ու աճպարարական համարներից տպավորված՝ դերասանը ընդգծեց միության կատարած ազգանվեր գործի կարևորությունն ու նորանոր հաջողություններ մաղթեց շնորհաշատ աճպարարներին: Բացի այդ, նա նշեց, որ կայացումը, հաջողությունն ու ճանաչումն ավելի արժևորվում են հենց սեփական հայրենիքում, ուստի ՀԱՄ-ի անդամներին մաղթեց զարգացնել իրենց ներուժն ու հնարավորություններ ստանալ հայ աճպարական արվեստն էլ ավելի կատարելագործելու համար: Ռաֆայել Քոթանջյանի որդին ՝Մայքլ Քոթանջյանը, ով ժողովրդին ավելի շատ հայտնի է երաժշտական ոլորտում իր գործունեությամբ, նույնպես ներկա էր հանդիպմանն իր ընտանիքի հետ: Մայքլը ոգևորված էր ՀԱՄ-ի նախաձեռնությամբ և իր հերթին ցանկացավ, որ արվեստի այս ճյուղին հնարավորություն ընձեռվի տարատեսակ միջոցառումներով ու նորարարական մոտեցումներով ներկայանալու ժողովրդին:

  Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռաֆայել Քոթանջյանը նշել է, որ ինքը չի խաղում, այլ մտնում և ապրում է կերպարի մեջ: Կարելի է անկասկած փաստել, որ հենց սա է նրա հաջողության գաղտնիքը: Շնորհակալություն հայտնելով նրա այցելության ու խորհուրդների համար՝չմոռանանք և դաս քաղել դերասանի հաջողությունից՝ կերպար կերտելիս կյանք դնել նրա մեջ: Աճպարարը նույպես ինչ-որ չափով կերպար է կերտում, ուստի հաջողակ աճպարար լինելու համար ոչ միայն հնարքների արհեստավարժ կատարում, այլև այդ կերպարով ապրել ու դրան հավատալ է պետք…

Նյութը` Թամարա Սարգսյանի