Ասում են, որ Ամանորին բոլոր հրաշքներն իրական են դառնում:Սակայն ՀԱՄ-ում վաղուց գիտեն, որ հրաշքները չեն ենթարկվում ո՛չ ժամանակին, ո՛չ էլ տարածությանը, այլ իրագործվում են միայն այն ժամանակ, երբ իսկապես հավատում ես դրանց: Այստեղ ցանկացած պահի ականատես ես լինում հրաշքների:Համոզվեք ինքներդ. կարո՞ղ եք մի քանի վայրկյանում լուծել ռուբիկ-կուբիկի հանելուկը, կամ
երկու մատով ամուր պարանը մասերի բաժանել,անհետացնել իրերը, կախարդական պարկից նվերներ դուրս բերել…սպասեք, սա դեռ ամենը չէ. իսկ դուք գիտեի՞ք, որ մի ամբողջ կյանքն անգամ բավական չէ խաղաքարտերի դասավորվածության բոլոր հնարավոր տարբերակները ստանալու համար: Հասցրի՞ք զարմանալ: Դե միայն պատկերացրեք, թե ինչ կստացվի, երբ հրաշագիտությանն ավելացնենք նաև նախատոնական տրամադրություն և տաղանդավոր հյուրերի ներկայություն:

  ՀԱՄ-ի տարեվերջյան հավաքն այս անգամ առանձնահատուկ ջերմ մթնոլորտում անցավ: Միության նախագահ Վարդան Ամիրյանն ամփոփեց անցնող տարին, կարևորեց բոլոր ձեռքբերումներն ու ներկայացրեց գալիք տարվա անելիքները: Հատուկ ուշադրության արժանացան և շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀԱՄ-ի փոխնախագահ,անդամ Հայկ Միքայելյանն ու անդամ Գևորգ Հովհաննիսյանը, ովքեր ողջ տարվա ընթացքում ջանք ու եռանդ չէին խնայել աճպարարական արվեստի զարգացման համար: Վարդան Ամիրյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև «Նարեկացի» արվեստի միությանը համագործակցության ու ՀԱՄ-ի հավաքներին աջակցելու համար:

  Նորեկներն էլ ներկայացան միությանն անդամագրվելու քննության համար պատրաստած հատուկ համարներով ՝ոգևորելով միությանը պարբերաբար միացող երիտասարդներին:

  Առանց սիրված ու ճանաչված հյուրերի, ՀԱՄ-ի հավաքները լիարժեք չեն լինի: Այս անգամ էլ միությունը պատիվ ուներ հյուրընկալել թատրոնի, կինոյի ու հեռուստատեսության հայտնի ու տաղանդավոր դերասան Գնել Սարգսյանին, ով իր յուրահատուկ հումորով ու անմիջականությամբ երեկոն ավելի հետաքրքիր դարձրեց: Աճպարարների տարատեսակ հնարքներն անխոս թողեցին ոչ միայն դերասանին ու նրա տիկնոջն, այլև նրանց փոքրիկ տղային, ով անձամբ մասնակցելով մի քանի հրաշագործությունների՝սկսեց հավատել իր գերբնական կարողություններին:

  Դե ինչ, մեր պատրաստած տեսանյութում Գնել Սարգսյանն ինքը կկիսվի ձեզ հետ իր տպավորություններով, իսկ մեզ մնում է նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ ու անակնկալներով լի տարի մաղթել:

Հրաշքներով՝
ՀԱՄ

Նյութը` Թամարա Սարգսյանի