Հայ աճպարարների միությունը դարձավ մեկ տարեկան: Նախորդ տարվա ապրիլի մեկին հիմնադրված միության շարքերն արդեն համալրել են մոտ 10 անդամներ և 10 թեկնածուներ, որոնց թիվն անընդհատ աճում է: Վերջիններն աճպարարություն սիրողներն են, իսկ անդամներն աճպարարությամբ զբաղվում են պրոֆեսիոնալ մակարդակով: Միության անդամներից ամենաավագը 65-ամյա լարախաղաց, աճպարար Վլադիմիր Հակոբյանն է, իսկ ամենակրտսերը` 15-ամյա Սուրեն Վարդանյանը:
Հայ աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանի խոսքով` մեկ տարվա ընթացքում ունեցել են բազմաթիվ ձեռքբերումներ: Միության անդամները վարպետության դասեր են անցել նաև արտերկրից ժամանած մասնագետների հետ:
”Աճպարարների միություն ստեղծելը եղել է իմ երազանքներից մեկը և այն կարող եմ ասել` իրականացել է: Գլխավոր նպատակն այն է, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են աճպարարությունն ու զբաղվում են դրանով, կարողանան շփվել միմյանց հետ, փոխանակվեն իրենց գիտելիքներով: Ապագայում ծրագրում ենք ստեղծել նաև մանկական իլուզիոն թատրոն”,- ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ամիրյանն ու հավելեց. ”Ծրագրում ենք նաև անդամակցել Աճպարարների միջազգային միությանը, որից հետո կկարողանանք մասնակցել միջազգային փառատոնների”:
Երեկ աճպարարների միությունը հյուրընկալել էր դերասան Հարություն Մովսիսյանին, ով հայտնեց, որ իր դուստրը նույնպես աճպարարության արվեստի մեծ սիրահար է և խնդրեց վերջում իրեն մեկ հնարք սովորեցնել:
”Ուզում եմ շնորհավորել Վարդան Ամիրյանին, ում ճանաչում եմ գրեթե 30 տարի: Նա այսօր իր շուրջն է հավաքել բավական տաղանդավոր երեխաների: Կարծում եմ` մենք կարող ենք ապահովված համարել մեզ այս ասպարեզում, քանի որ համոզված եմ, որ նրանց մեծ ապագա է սպասվում”,- ասաց Հարություն Մովսիսյանը:
Միության փոխնախագահ Հայկ Միքայելյանի խոսքով` գրեթե բոլորը կարող են դառնալ միության թեկնածու, դրա համար շատ գիտելիքներ ու հմտություններ հարկավոր չեն.
”Միության մեկ տարվա ընթացքում շատ բան ենք արել` ընդհանրապես չպատկերացնելով, թե ինչ կլինի մեկ տարի հետո, ունեցել ենք տեսլականներ, որոնք հեռուն են գնում և այսօր արդեն ունենք մոտ 10 թեկնածու և 10 անդամ, որոնց թիվն անընդհատ աճում է: Թեկնածու լինելու համար շատ գիտելիքներ ու հատուկ հմտություններ անհրաժեշտ չեն, երբ թեկնածուն ավելի է հմտանում, արդեն կարող է դառնալ միության անդամ: Այս ընթացքում ունեցել ենք բարեգործական միջոցառումներ մանկատներում և հատուկ դպրոցներում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում”:
Միության միակ անդամն, ով իգական սեռի ներկայացուցիչ է, Լիլիթ Ադամյանն է, ով մասնագիտությամբ ռեժիսոր լինելով` տարիներ առաջ սկսել է հետաքրքրվել աճպարարությամբ: ”Աճպարարությունն ինձ շատ հոգեհարազատ է ու դա դժվար է ինչ-որ կերպ բացատրել, այդ սերն ու կապվածությունը աճպարարական արվեստի հետ գալիս է իմ ներսից: Մինչև միության անդամ դառնալը մոտ 2-3 տարի շփվել եմ պարոն Ամիրյանի հետ, սովորել եմ որոշ հնարքներ, դրանց գաղտնիքները: Իսկ դառնալով միության անդամ, դարձանք մի ընտանիք: Դեռ չեմ կարող ասել, թե աճպարարության որ ճյուղը կընտրեմ ապագայում, քանի որ ինձ առհասարակ բոլոր ոլորտներում եմ պատկերացնում”,- ասաց նա:
”Շատ ուրախացա, որ Հայաստանում նույնպես ստեղծվեց աճպարարների միություն, քանի որ նախանձելի է, որ շատ երկրներում կա, իսկ մեզ մոտ` ոչ,- ասաց միության ամենակրտսեր անդամ Սուրեն Վարդանյանը. ”Այս ընթացքում շատ բան եմ սովորել նաև մյուս աճպարարներից: Այսինքն այդ շփումն արդեն շատ բան է տալիս: Բացի այդ, կա մոտ 20 հնարք, որ ես եմ հորինել: Դրանցից մեկը շուտով կդրվի վաճառքի աշխարհի ամենաուժեղ աճպարարների կայքում”: